• flat Դժգոհել

Ասացվածքներ մարդկանց և մարդկայնության մասին

Ասացվածքներ մարդկանց և մարդկայնության մասին

Մարդիկ գոյություն ունեն մեկը մյուսի համար:

ԱՎՐԵԼԻՈՍ

 

Ամենից շատ մենք դժգոհ ենք ուրիշներից այն ժամանակ, երբ դժգոհ ենք մեզանից:

ԱՄՅԵԼ

 

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին` ցուցափեղկերում ամեն ինչ կա, բայց երբ ներս մտնես` դատարկություն է:

ԱՈՒԵՐԲԱԽ

 

Ամենից կարևորը մարդկանց մտածել սովորեցնելն է:

ԲՐԵԽՏ

 

Մեր կարծիքով մարդիկ վատ գիտեն ինչպես իրենց հնարավորությունները, այնպես էլ իրենց ուժերը: Առաջինները նրանք չափազանցնում են, երկրորդները` նվազեցնում:

ԲԵԿՈՆ

 

Կան մարդիկ, որոնք կարդում են սոսկ այն բանի համար, որպեսզի գրողի մոտ սխալներ գտնեն:

ՎՈՎԵՆԱՐԳ

 

Չնայած իրենց բոլոր թերություններին` մարդիկ ամենից շատ արժանի են սիրո:

ԳՅՈԹԵ

 

Մարդկանց համար անհնարին ոչինչ չկա:

ՀՈՐԱՑԻՈՍ

 

Մարդկանց կշտամբելու, իսկ ապա նաև ուղղելու իրավունք ունենալու համար հարկավոր է ամենից առաջ սիրել մարդկությանը:

ԴՅՈՒԿԼՈ

 

Բոլոր մարդիկ գանգատվում են իրենց հիշողության անբավարարությունից, բայց դեռ ոչ ոք չի գանգատվել առողջ մտքի պակասությունից:

ԼԱՐՈՇՖՈՒԿՈ

 

Այն մարդիկ, որոնք չափից դուրս ընդօրինակում են ուրիշներին, թուլացնում են իրենց սեփական ստեղծագործական ուժը:

ԼԻԽՏԵՆԲԵՐԳ

 

Երբ մարդիկ պարծենալու բան չեն ունենում, սկսում են պարծենալ իրենց դժբախտություններով:

ԳՐԱՖ

 

Իմ կենսափորձն ինձ համոզեց, որ այն մարդիկ, որոնք թերություններ չունեն, շատ քիչ արժանիքներ ունեն:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆԿՈԼՆ

 

Ամբարտավանը հազվադեպ է ազնիվ մարդ լինում. Նա միշտ համոզված է, որ ավելի պակաս է ստանում, քան արժանի է:

ԲԻՉԵՐ

 

Այն մարդը, որին ոչ մի բան չի զարմացնում, ապրում է բթամտության վիճակում:

ՀԵԳԵԼ

 

Չկա որևէ մեկը, որն աստվածների կողմից առատորեն օժտված լինի ամեն ինչով:

ՀՈՄԵՐՈՍ

 

Նա, ով ցավ չի զգում, հազվադեպ է հավատում, թե այն գոյություն ունի:

Ս. ՋՈՆՍՈՆ

 

Ամենաարժանավոր մարդը նա է, ով բոլորից ավելի գեղեցիկ է մտածում և գործում:

ԺՈՐԺ ՍԱՆԴ

 

Մարդ հազվադեպ է լույսի առկայության դեպքում մտածում մթության մասին, երջանկության մեջ` դժբախտության մասին, բավականության մեջ` տառապանքների մասին, և ընդհակառակն, միշտ մտածում է` մթության մեջ լույսի մասին, դժբախտության մեջ` երջանկության մասին, թշվառության մեջ` բավականության մասին:

ԷՄԱՆՈՒԵԼ ԿԱՆՏ

 

Շատակերները ատամներով փորում են իրենց գերեզմանը:

ԷԹՅԵՆ

 

Յուրաքանչյուր մարդ գիրք է, եթե գիտես, թե ինչպես այն կարդալ:

ՉԵՆԻՆԳ

 

Իբրև կանոն մարդու մասին կարելի է դատել այն բանով, թե նա ինչի վրա է ծիծաղում:

ՄԻԶՆԵՐ

 

Մարդ դառնալը արվեստ է:

ՆՈՎԱԼԻՍ

 

Այն մարդը, որ չի կարողանում ինքն իրեն կառավարել, պիտանի չէ ուրիշներին կառավարելու համար:

ՊԵՆՆ

 

Մարդ միայն այն դեպքում է որևէ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին:

ՖՈՅԵՐԲԱԽ

 

Դժվարությունները մարդու մեջ ծնում են դրանք հաղթահարելու ընդունակություններ:

ՖԻԼԻՊՍ

 

Հերոս դառնալու համար բավական է մեկ ակնթարթ, բայց մի ամբողջ կյանք է անհրաժեշտ արժանավոր մարդ դառնալու համար:

ԲՐՅՈՒԼԱ

 

Կարմրելու ընդունակությունը մարդկային բոլոր հատկանիշներից ամենաբնորոշն ու ամենամարդկայինն է:

ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆ

 

Նյութի աղբյուր՝ Հետաքրքիր, իմաստալից աշխարհ, կազմեց՝ Հայրապետ Կնյազյանը, Երևան, 1976:

Մեկնաբանություն


Նմանատիպ