• flat Դժգոհել

Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն օգտվել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից

Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն օգտվել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից

Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Այս մասին այսօր հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը: Նա տեղեկացրել է, որ «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո պարզեցվել են նաև ընթացակարգերը. հայրենադարձն արտոնությունը և ապրանքներն ստանում է շատ արագ. «Վերջին փոփոխությունները դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրումը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացի ստացել է արտոնություն: Այս պահին ՊԵԿ-ն ուսումնասիրում է ևս հինգ քաղաքացու դիմում»:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ` ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, այնուհետև` դիմել ՊԵԿ։ Սակայն եթե քաղաքացին սկզբում դիմում է ՊԵԿ, կոմիտեն քաղաքացու փոխարեն հարցում է կատարում անձնագրային և վիզաների վարչություն` կցելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

«Ամբողջ գործընթացը տևում է միջինը 2-3  օր: Եթե ֆիզիկական անձը նախօրոք ներկայացնի ոստիկանությունից իրեն մշտական բնակության անձ ճանաչող փաստաթուղթը, ապա այդ ժամանակը կկրճատվի և մաքսային մարմնում կտևի մոտավորապես մեկ օր»,-վստահեցրել է Վաղինակ Ջանինյանը` հավելելով, որ հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային  մարմինների օժանդակությամբ և տևում է առավելագույնը 1-1.5 ժամ: 

Համապատասխան կարգավորման համար նախագիծը մշակած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գնահատմամբ` նախագիծը կարող է նաև խթանել հայրենադարձությունը: Արտոնությունից արդեն օգտվել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Ֆրանսիայից: Պատգամավորը վստահ է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանների բացվելուց հետո աշխարհագրությունը կընդլայնվի` հաշվի առնելով, որ օրենքի մշակման ընթացքում սփյուռքից դրական ազդակներ են ստացել:

Հնարավորությունից այսօր օգտվել է Վերա Սահակյանը, ով վերադարձել է ԱՄՆ-ից: «Իմ տան իրերն եմ բերել, ավելորդ ոչինչ չեմ բերել, ինձ ուրիշ ոչինչ պետք չէր: Օր չի տևել. առավոտյան եկել ենք, թղթերը պատրաստել են, րոպեներ չտևեց»,-ասաց Վերա Սահակյանը:

Նշենք, որ արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին: Օգտվել կարող են այն անձինք, ովքեր մշտական բնակության տեղափոխման փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) բացակայել են Հայաստանից: Ընդ որում, ներմուծումը պետք է իրականացնել 18 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը պատրաստել և կայքում հրապարակել է ընթացակարգերը մանրամասն ներկայացնող տեսաուղեցույց: Այս պահին կոմիտեն մշակում է նաև ուղեցույց, որը կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատներին՝ օտարերկրյա պետություններում բնակվող հայրենակիցներին ներկայացնելու նպատակով:

Մեկնաբանություն


Նմանատիպ