• flat Դժգոհել

Բնակիչները դժգոհում են. մայրաքաղաքում փակում են բազմաբնակարան շենքերի աղբամուղերը

Բնակիչները դժգոհում են. մայրաքաղաքում փակում են բազմաբնակարան շենքերի աղբամուղերը

Երևանի քաղաքապետարանի, համատիրությունների և բնակիչների համագործակցությամբ մայրաքաղաքում սկսել են փակել բազմաբնակարան շենքերի աղբամուղերը:

Հարցի առնչությամբ մի շարք բնակիչներ բողոք են ներկայացնում, որ իրենք չեն ցանկանում փակել իրենց շենքի աղբամուղը՝ շեշտելով, որ իրենց շենքերում աղբը պարբերաբար տանում են և որևէ գարշահոտություն չկա։ 

Նշենք, որ համայնքները՝ Երևանի քաղաքապետարանի ցուցումով, հորդորում են մարդկանց համաձայնություն տալ՝ փակելու աղբամուղերը՝ պատճառաբանելով, որ առնետներ այլևս չեն լինի շենքերում, առկա տհաճ հոտը ևս կվերանա։ Սակայն բնակիչների խոսքերով, այդ քայլով ընդամենը հեշտացնում են իրենց աշխատանքը։ Աղբահավաք մեքենաներով ավելի հեշտ է աղբամանից աղբը թափել, քան աղբամուղի միջից։ Բնականաբար էդպես հեշտանում է իրենց աշխատանքը։

«Սովետի ժամանակ, երբ շենքերը նման ձևով են նախագծել, սխա՞լ են նախագծել։ Հիմա ամեն ինչ անում են, որ գործ չանեն։ Իսկ այդ աղբամանները, որ պետք է դրվեն դրսում, արդյո՞ք հակահիգիենիկ չէ, որ մարդիկ դիպչելով բացեն և թափեն աղբը։ Հետո կասեն կորոնավիրուս։ Մոռացան, որ անցած տարի աղբը ամբողջ քաղաքով մեկ տարածված էր։ Իշխանությունները փոփոխվող են։ Եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով վատ տանեն աղբը ու դրսում թափվի ամբողջը, այդ ժամանա՞կ ինչ ենք անելու։ Կամ ինչ-որ մեկը ամփութություն դրսևորի և բաց թողնի կափարիչը և բակի կենդանիները (շուն, կատու) ամբողջ աղբը տարածեն, դա կլինի մաքրությու՞ն։ Գոնե էսպես փակ է։ Ի վերջո, եթե տարածքում անգամ առնետ կա, դեղ պետք է դնել և ոչ թե աղբի տեղը փոխել»,- իրենց դժգոհությունն են ներկայացրել բնակիչներից։ 

Հարցի առնչությամբ հետաքրքրվեցինք և պարզվում է, որ նման բան չեն կարող անել, եթե բնակիչների 2/3-ի համաձայնությունը չլինի։ Մասնավորապես, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի խոսքերով, եթե օրինակ, շենքն ունի 60 բնակիչ, որից շուրջ 42-ը համաձայն են որ փակվի աղբամուղը, ապա կփակվի։ Հակառակ դեպքում չի փակվի։

«Ժամանակին կառուցել են այնպիսի շենքեր, որոնց աղբամուղերը եղել են հենց անմիջապես շենքի մեջ: Կներեք, բայց դա զավեշտ է։ Բազմաթիվ զարգացած ու զարգացող երկրներ նմանատիպ նախագծեր չունեն: Բայց ինչ արած, այդ սխալը մենք կուղղենք, ինչը որ անում ենք»,- նշեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Դավթաշեն վարչական շրջանից մեզ նաև տեղեկացրեցին, որ բազմաբնակարան շենքերի աղբախցերի աղբահանությունը իրականացվում է ենթակապալառուների միջոցով և, ամենայն հավանականությամբ, կարճ ժամանակ հետո նրանց հետ պայամանագիրը խզվելու է: Իսկ քաղաքապետարանը չունի նմանատիպ աղբատար մեքենաներ, փոխարենը կան համայնքային սեփականություն համարվող աղբատարներ, որոնց միջոցով այս պահին իրականացվում են աղբարկղերով աղբի տեղափոխումը: 

Այսպիսով, ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է այս գործընթացը՝ իր իսկ շահերից ելնելով, մասնավորապես այն պատճատով, որ չունի համապատասխան աղբատար մեքենաներ և ստիպված են համոզել բնակիչներին, որ էդպես ճիշտ է։ 

Այնուամենայնիվ, աղբամուղը փակելու համար անհրաժեշտ է շենքի բնակիչների 2/3-ի համաձայնությունը, որքան էլ, որ Երևանի քաղաքապետարանը, համատիրությունները և վարչական շրջանի ղեկավարները ունենան մեծ ցանկություն։ Այլ բան է, եթե բնակիչների ցանկությունն է դա։

Հավելենք, որ մինչ օրս փակվել է 163 աղբամուղ. Աջափնյակում՝ 90, Դավիթաշենում՝ 33, Մալաթիա-Սեբաստիայում՝ 24, Նոր Նորքում՝ 16 աղբամուղ։

Մեկնաբանություն


Նմանատիպ