• flat Դժգոհել

Զարգացնող խաղալիքներ Նիդերլանդներից Երևանի թիվ 152 մանկապարտեզի համար

Զարգացնող խաղալիքներ Նիդերլանդներից Երևանի թիվ 152 մանկապարտեզի համար

Ամանորյա տոների առիթով հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ-ն (Stichting Bright Future) բարեգործական նկատառումներով զարգացնող խաղալիքներ, գրքեր և գրենական պիտույքներ է ուղարկել Երևանի թիվ 152 մանկապարտեզին։

Ակցիային միացել են Նիդերլանդներում բնակվող ինչպես հայ, այնպես էլ օտարազգի երիտասարդ կամավորներ, ծնողներ։ Հավաքված փաթեթները Հայաստան տեղափոխելու գործընթացում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Մանկապարտեզի ընտրությունը կատարվել է «Լուսավոր Ապագա» Հ/Կ կողմից՝ հիմնվելով Երևանի թիվ 152 մանկապարտեզի սաների ծնողների դրական արձագանքների վրա։ Չնայած խաղալիքների և աշխատանքային պարագաների սակավությանը՝ մանկապարտեզի տնօրեն Աննա Զաքարյանի գլխավորությամբ, մանկապարտեզում տիրում է ուրախ և կրեատիվ աշխատանքային մթնոլորտ. խաղալիքները պատրաստում են գունավոր թղթերից՝ սեփական ձեռքերով։ «Նիդերլանդներում երեխաները հնարավորություն ունեն խաղալ բազմազան ու որակյալ խաղալիքներով, որոնք զարգացնում են ոչ միայն նրանց մատորիկան, այլ ուղեղը՝ ստիպում ավելի լայնատարած ու կրեատիվ մտածել։ Ինչու՞ չփորձել կիսել նման հնարավորությունը հայաստանաբնակ մեր հայ երեխաների հետ։ Երբ խոսում ենք բարեգործության մասին, միանգամից հիշում ենք մանկատները. բայց չէ՞ որ պետական մանկապարտեզներում այսօր խաղալիքների պահանջ է նկատվում։ Կան մանկապարտեզներ, որտեղ երեխաները ստիպված են խաղալ մեկ ձեռք կամ ոտք ունեցող տիկնիկներով։ 152 մանկապարտեզի ընտրության հարցում մեծ դեր խաղաց նաև այն փաստը, որ մանկապարտեզի տնօրենը խստիվ հրաժարվում է դրամահավաքներ կազմակերպել ծնողներից՝ խաղալիքները նորացնելու ու համալրելու նպատակով։ Մեզ այդ փաստը շատ ոգեշնչեց, որոշեցինք աջակցել նրանց»,- նշեց հոլանդական «Լուսավոր Ապագա» Հ/Կ տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ Այն հարցին, թե կլինեն նման նախագծերը շարունակական կամ կլինեն, արդյո՞ք երեխաների զարգացմանը նպաստող այլ նախագծեր Հայաստանում, Մ.Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք այս պահին ունենք տեղափոխման խնդիր։ Նման նախագծերը մեր կազմակերպության անդամներն իրականացնում են բացառապես կամավոր հիմունքներով, և դրանց շարունակական լինելը կախված է միմիայն տրանսպորտի խնդրի լուծումից (խաղալիքների պակաս չունենք. մարդիկ սիրով նվիրաբերում են տարբեր տեսակի բարձրորակ խաղալիքներ)։ Այս պահին բանակցությունների մեջ ենք հոլանդական հայտնի մի ընկերության հետ. հնարավոր է, որ նրանք աջակցեն՝ լուծելով փաթեթները Հայաստան առաքելու խնդիրը»։ Ինչ վերաբերում է երեխաների զարգացմանն ուղղված այլ նախագծերի իրականացմանը, Մ.Կիրակոսյանը հավելեց, որ այս պահին ակտիվ աշխատում են հայ երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ուղղված մեծ միջազգային նախագիծ Հայաստանում իրականացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություն


Նմանատիպ