• flat Դժգոհել

«Լավաշի միջազգային օր» միջոցառումը կդառնա ավանդական

«Լավաշի միջազգային օր» միջոցառումը կդառնա ավանդական

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում,  «Դար» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ , Գեղարքունիքի մարզպետարանի ու «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ,  2020 թվականի օգոստոսի սկզբին կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարում կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով:

«Որպեսզի միջոցառումը ծառայի իր հիմնական նպատակին և անցկացվի բարձր մակարդակով, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական խմբերի, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ, մենք այս պահից արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքները: Ակտիվ համագործակցություն ենք ծավալել միջազգային տուրօպերատորների հետ: Կապահովվի նաև մարզի արտադրողների մասնակցությունը և սեփական արտադրանքի վաճառքը: «Լավաշի միջազգային օր» միջոցառումը կդառնա ավանդական ու բազմաբովանդակ: Սա պայմանականորեն կարելի է կոչել իրադարձային տուրիզմ, երբ փառատոնն իր վրա հրավիրում է աշխարհի տարբեր երկրների մարդկանց ու կազմակերպությունների հետաքրքրասիրությունը: Փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությունը »,-նշել են «Դար» հիմնադրամի ներկայացուցիչ, «Ծաղկունքի հյուրատուն» ՍՊԸ տնօրեն Յուրա Սարգսյանը  և «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ի տնօրեն, «Էվենտարա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Միջոցառման հիմնական հովանավորը  «Դար» հիմնադրամն  է, իսկ իրականացնող կողմ է հանդես գալիս «Արենի Փառատոն Հիմնադրամ»-ը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարևորելով միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը, և նախորդ տարում արձանագրված ձեռքբերումները, ողջունել է ներկայացված նախաձեռնությունը: «Նախորդ տարում մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ «Ձկան», «Ավելուկի», «Փռի» ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մեր մասնակցությունը կբերենք փառատոնին, այլ նաև կցուցաբերենք լայն աջակցություն ու համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական զանազան խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնել՝ այս հետաքրիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից ու արդյունավետ դարձնելու համար»,-նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ