• flat Դժգոհել

Ալիևն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններով. FIP

Ալիևն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններով. FIP

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 25-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններով:

«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է դրանցից մի քանիսը:

ՄԱԿ ԱԽ բանաձևերը Արցախյան հակամարտության մասին 

Պատասխանելով հարցազրուցավարի պնդմանը, թե սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զորքերն են խախտել զինադադարը՝ սկսելով լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղում, Իլհամ Ալիևը հակադարձել է, որ ռազմական գործողություններն Ադրբեջանը չի սկսել, այլ հայկական կողմն է նախահարձակ եղել:

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ պատերազմից առաջ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ ԼՂ-ից հայկական ուժերի դուրս բերման պահանջի մասին, Ալիևը պնդել է, որ իր հայտարարությունները համապատասխան էին ՄԱԿ-ի բանաձևերին: 

«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հստակորեն պահանջել է Հայաստանից հայկական ուժերի ամբողջական, անվերապահ և անհապաղ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Ցավոք, 27 տարվա ընթացքում այդ բանաձևերը կյանքի չեն կոչվել»,- հայտարարել է Ալիևը: 

Նախ նշենք, որ Fip.am-ն արդեն ներկայացրել է փաստեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստվելու և այն սկսելու մասին։ Դա են վկայում պատերազմին նախորդող շրջանում չհայտարարված զորահավաքները, մեքենաների հավաքագրումը, Թուրքիայից մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի ներկրումը  և այլն:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձևերին, ապա այս դեպքում ևս Ադրբեջանի նախագահը մանիպուլացնում է:

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերում զորքերը դուրս բերելու պահանջը ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ տեղի հայկական ուժերին: Ավելին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքավար Մարզի վերաբերյալ որևէ հայտարարություն կամ պահանջ չի ներկայացված822853 874884 բանաձևերով պահանջվում էր  «տեղի հայկական ուժերին» դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից՝ Քելբաջար, Աղդամ, Զանգելան շրջաններից և Հորադիզ քաղաքից: Այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններում գտնվող զորքերի դուրսբերման մասին որևէ պահանջ չի եղել։ Բացի այդ, թեև Ադրբեջանը պնդում է, որ «ազատագրում են» իրենց պատկանող տարածքները, միաժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են նախկին ԼՂԻՄ-ի տարածք, օրինակ՝ Հադրութ քաղաք: Ավելին՝ Ալիևը հայտարարում է, որ իրենց գործը կիսատ կլինի առանց Շուշիի, որը ևս նախկին ԼՂԻՄ կազմում է։    

Տեղահանված ադրբեջանցիների թիվը

Ալիևը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ «գրավյալ» տարածքներից ավելի քան 700,000 ադրբեջանցի է «էթնիկ զտման» ենթարկվել։

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հարակից յոթ շրջանները, որոնք 1993-1994 թվականներին հայտնվեցին հայկական վերահսկողության տակ, ըստ որևէ հաշվարկի, չեն ունեցել 700,000 բնակչություն։ Ստորև ներկայացնում ենք 1979 և 1989 թվականներին Խորհրդային Միության կողմից անցկացված մարդահամարների տվյալներով այդ յոթ շրջանների բնակչության թվերը։ 

  1979 1989
Աղդամի շրջան 108,554 131,293
Զանգելանի շրջան 29,377   32,698
Լաչինի շրջան 47,261   47,339
Կուբաթլուի շրջան 26,673   28,110
Ջեբրայիլի շրջան 43,047   49,156
Քելբաջարի շրջան 40,516   43,713
Ֆիզուլիի շրջան 76,013   89,417
ընդհանուր 371,441 421,726

Այսպիսով, մինչ արցախյան ազատամարտը, այդ յոթ շրջաններում բնակվել է մոտ 422 000 մարդ։ Այստեղ, սակայն, կարևոր է նշել, որ այդ յոթից երկուսը՝ Աղդամի և Ֆիզուլիի շրջանները, միայն մասամբ են հայտնվել հայկական վերահսկողության տակ։ Եվ փաստացի, այդ յոթ շրջաններից տեղահանվել է առավելագույնը 400,000 ադրբեջանցի, այլ ոչ թե 700,000, ինչպես պնդում է Ալիևը։ 

Հատկանշական է, որ Ադրբեջանից 1988-1990 թվականներին տեղահանվել է ավելի քան 350,000 հայ։

Թուրքիայի ներգրավվածության մասին

Ալիևի պնդմամբ՝ չկա որևէ ապացույց, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է այս պահին Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։ «Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, և այդքանը բավարար է»,- ասել է Ալիևը։

Թուրքիայի ներգրավվածության մասին փաստող ապացույցները, սակայն, շատ են։ Ըստ հեղինակավոր լրատվականների (CNN, BBCThe Washington post և այլն) և տարբեր երկրների պաշտոնյաների կողմից հրապարակված տեղեկությունների (ՌուսաստանՖրանսիաԻրան), Թուրքիան հավաքագրել և Ադրբեջան է տեղափոխել բազմաքանակ սիրիացի վարձկանների։ Թուրքիայի զինված ուժերի ուղիղ ներգրավվածության մասին գրել է հեղինակավոր «Ստրատֆոր» (Stratfor) հետազոտական կենտրոնը։ Ավելին՝ ռուսական «Կոմերսանտ» թերթը հոկտեմբերի 16-ին հրապարակեց Թուրքիայի զինուժի ներկայության և գործունեության մասին տվյալներ, որոնք ձեռք են բերվել ռուսական հետախուզական ծառայություններից։ Ըստ նրանց ներկայացրած տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժն այս տարվա հուլիս-օգոստոսին Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո մեծաքանակ զորք և զենք-զինամթերք է թողել Ադրբեջանում։ Այդ թվում՝ մոտ 600 թուրք զինվորականներ։ Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների՝ ադրբեջանական հարձակումը կոորդինացրել են Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Ումիտ Դունդարը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Բացի այդ, պաշտոնական Ադրբեջանը հերքում էր նաև թուրքական F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում, մինչև այն պահը, երբ «Նյու Յորք Թայմզի» հետաքննող լրագրող Քրիսթիան Թրիբերթը (Christiaan Triebert) Թվիթերում գրառում կատարեց հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդակայանում երկու F-16 կործանիչների գտնվելու մասին՝ ներկայացնելով նաև լուսանկար։ 

Ըստ նոր արբանյակային լուսանկարների՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ վեց F-16 կործանիչ կա Գաբալայի օդակայանում։  

Հայ պաշտոնյաները չեն հայտարարել նավթային ենթակառուցվածքները թիրախավորելու մասին

Հաղորդավարը Իլհամ Ալիևին հարցրել է նաև, թե արդյո՞ք իրենք անհանգստություններ չունեն, որ ռազմական գործողությունները ընթանում են նավթային ենթակառուցվածքներին շատ մոտ:

«Իրականում մենք մտավախություններ ունենք, որովհետև բարձրաստիճան հայ պաշտոնյաները հայտարարել են, որ հարձակումներ են իրականացնելու նավթային ենթակառուցվածքների և խողովակաշարերի ուղղությամբ, Բաքվի Սանգաչալ շրջանի ամենամեծ նավթագազային տերմինալներից մեկը»,- ի պատասխան, հայտարարել է Ալիևը:

Իրականում, սակայն, Արցախի և Հայաստանի պաշտոնյաներ երբևէ չեն հայտարարել նավթային ենթակառուցվածքները թիրախավորելու կամ դրանց նպատակային հարված հասցնելու մտադրության մասին: Ավելին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի կողմից հնչել է հակադիր պնդում: 

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»,- ասել է նա հոկտեմբերի 6-ին՝ ի պատասխան ադրբեջանական կողմի  մեղադրանքների, թե իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ