• flat Դժգոհել

Մեր ապագան Ղարաբաղո՛ւմ պետք է ստեղծենք

Մեր ապագան Ղարաբաղո՛ւմ պետք է ստեղծենք

Որքան արցախցի՝ այդքան շատ կյանքի պատմություններ, հատկապես պատերազմական ժամանակահատվածից:

Սեպտեմբերի 27-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի բնակիչներն արթնացել են պայթյունների ձայնից: Սկզբից չեն հասկացել, թե ինչ է կատարվում, հետո հասկացել են պահի լրջությունը, սակայն առաջին օրը չեն տեղափոխվել ապաստարան, քանի որ միայն պայթյունների ձայներ են լսվել, իսկ արդեն երկրորդ օրը հասկացել են, որ ամեն բան շատ ավելի լուրջ է, քան ապրիլյան պատերազմի ժամանակ և տեղափոխվել են ապաստարան:

Սկզբում գյուղից ոչ ոք դուրս չի եկել, բնակիչները մնացել են ապաստարաններում:

Աղաջանյանների ընտանիքի մի մասն ապաստարանից դուրս է եկել պատերազմի 11-րդ օրը, երբ ԱԹՍ-ները երկնքից չեն բացակայել և ձայներն ավելի են ուժգնացել, իսկ վերջին երիտասարդը, որը դուրս է եկել գյուղից, եղել է Աքսաննա Աղաջանյանը:

Աքսաննայի հայրը՝ Արա Աղաջանյանը, գտնվելով սահմանում, շարունակել է այն գործը, որը սկսել էր 1992 թվականի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ դեռ 16 տարեկան հասակից:

Առաջին իսկ օրն Աքսաննայի հայրը ցանկացել է ընտանիքը գյուղից հանել, բայց բոլորով դուրս չեն եկել գյուղից, քանի որ առաջնագծում ծառայող Աքսաննայի եղբայրը դիրքերում է եղել և չեն ցանկացել նրան մենակ թողնելով Արցախից դուրս գալ:

Աքսաննան նշում է.

-Երբ Ստեփանակերտը և Շուշին ռմբակոծում էին, այդ ժամանակ հայրս մինչև Լաչինի սահման մեզ բերեզ, իսկ նրանից հետո ընկերոջ մեքենայով տեղափոխվեցինք Երևան, Մատենադարանի մոտ մեզ տրամադրեցին մեքենա և տվեցին հասցե: Դե, իսկ պատերազմի 11-րդ օրը, ժամը 21:00-ին, մեզ բերեցին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական վարչական տարածք: Այնտեղ մեզ լավ ընդունեցին, տեղավորեցին, ապահովեցին սնունդով: Իսկ մի քանի օրից, քանի որ ես էլ մայրիկիս՝ Գայանե Աղաջանյանի հետ միասին աշխատում էի Արցախի կարի արտադրամասում, պատրաստակամություն հայտնեցինք, որ տեղի գյուղի կանանց հետ միասին կարենք զինվորների համար անձրևապաշտպան հագուստ՝ այդ ձևով օգտակար լինելով սահմանում կանգնած զինվորին:

Աքսաննան շարունակում է պատմել.

-Արցախից դուրս եկանք մայրիկիս և 14 տարեկան փոքր եղբորս հետ՝ գյուղում թողնելով հաշմանդամ հորեղբորս, տատիկիս և 16 տարեկան միջնեկ եղբորս, որը կամավորականներին բաժանել է զենքեր, իսկ գիշերները հերթապահություն անցկացրել զենքերի մոտ: Տեղի սպաները, տեսնելով 16 տարեկան Գեւորդ Աղաջանյանի նվիրվածությունը՝ անկախ տարիքից նրան անվանել են <<Պստիկ զինվոր>>: Տատիկս՝ գյուղի տղամարդկանց և զինվորականների համար հաց էր թխում:

Արդեն 28-րդ օրը հրաման են տվել, որ կանայք և երեխաները դուրս գան գյուղից, իսկ 29-րդ օրը Խաչմաչ գյուղը ռմբակոծել են:

Աքսաննան հպարտությամբ, բայց հուզմունքով նշում է.

-Մեծ եղբայրս, քանի որ ժամկետային զինծառայող էր և գտնվում էր դիրքերում, համառ մարտերի ժամանակ վիրավորվել էր, հիվանդանոց տեղափոխվելուց և համապատասխան բուժում ստանալուց հետո, նորից մեկնեց առաջնագիծ և այժմ էլ շարունակում է իր ծառայությունը, մենք չէինք իմացել նրա վիրավոր լինելու մասին, թաքցրել էր մեզնից:

Խաչմաչ գյուղի Աքսաննայենց տունը, մինչև պատերազմական գործողությունները, գտնվում էր սահմանից բավականին հեռու, իսկ այժմ գտնվում է սահմանին շատ մոտ և իրենց այնտեղ բնակվելը վտանգավոր է:

Աղաջանյանների ընտանիքը ցանկանում է առաջիկայում վերադառնալ Արցախ և ժամանակավորապես բնակվել Ստեփանակերտում:

Վերջում Աքսաննան հավելեց.

-Մինչև պատերազմը՝ երազանքներս և նպատակներս շատ տարբեր էին, պետք է ամուսնանայի և ապրեի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, սակայն այն այժմ գտնվում է թշնամու տարածքում և հիմա ամեն բան անորոշ է՝ կապված ապագայի նպատակների հետ, բայց ոչ մի դեպքում ցանակություն չունեմ Ղարաբաղը լքելու և ամեն բան պետք է անենք մեր ապագան հե՛նց Ղարաբաղում ստեղծելու համար:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ