• flat Դժգոհել

«Փաստ». Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում․ 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով

«Փաստ». Ձախողում և փլուզում բոլոր ոլորտներում․ 2021-ին ենք մոտենում ծանրագույն բեռով

2020 թվականը մոտենում է ավարտին։ Այն Հայաստանի համար դժվարին և փորձություններով լի տարի էր։ Եվ սպասվում է, որ գալիք 2021 թվականը ևս հարթ չի լինելու։ Ուստի ժամանակն է ամփոփել մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս նոր փորձաշրջանը։

Սոցիալ-տնտեսական վիճակ

Եթե 2019 թվականին Հայաստանին հաջողվեց 7,6 տոկոս տնտեսական աճ գրանցել, ապա 2020 թվականը տնտեսական առումով հաջող չէր, և սպասվում է, որ այս տարին կփակենք մինչև 7 տոկոս անկմամբ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ անցյալ տարվանից եկող տնտեսական աճի միտումը այս տարի դարձավ բացասական։ Նախ՝ կորոնավիրուսի պանդեմիան մեծ հարված հասցրեց տնտեսությանը, երբ երկրում տևական ժամանակ կարանտին էր հայտարարված, որի արդյունքում մարդկային շփումները նվազագույնի հասցվեցին։ Իշխանություններն օրուգիշեր զբաղված էին փիառով ու իմիտացիայով, թե իրենք ժամ առ ժամ հաջողություններ են արձանագրում համավարակի դեմ պայքարում, սակայն իրականում ի զորու չեղան համավարակի դեմ պայքարի հարցում արդյունավետ մեթոդներ որդեգրել։

Եվ, ըստ այդմ, տնտեսական ոլորտի պատասխանատուները չկարողացան տնտեսությունը ադապտացնել նոր իրողություններին և հնարավորինս խթանիչ միջոցառումներ ձեռնարկել առևտրաշրջանառությունը և արտադրությունը խթանելու ուղղությամբ։ Առողջապահական համակարգը սկսեց տնտեսական մեծ ռեսուրսներ խլել, իսկ Փաշինյանի կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին կարգախոսը այդպես էլ մնաց օդում կախված։ Տնտեսության վիճակն ավելի բարդացավ Արցախում սկսված պատերազմի և պարտության արդյունքում։ Եվ հիմա արդեն մուտք ենք գործում տնտեսական շատ խոր ճգնաժամի փուլ, որը սպառնում է գործազրկության ավելացմամբ և արտագաղթի տեմպերի կտրուկ աճով։

Բիզնեսը հայտնվել է անօգնական վիճակում։ Անկում է ապրում մարդկանց գնողունականությունը, անորոշությամբ պայմանավորված՝ քաղաքացիները փորձում են խնայողաբար ծախսել։ Սրան էլ գումարվում է էլեկտրաէներգիայի, գազի թանկացումն ու դրանով պայմանավորված՝ ապրանքների գնաճը։ Այնպես որ, 2021 թվականին տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար բավական մեծ ջանքեր և պրոֆեսիոնալ մոտեցումներ են պահանջվելու։

Իրավական ոլորտ

Անցնող տարին աչքի ընկավ դատական իշխանության նկատմամբ բազմաթիվ ճնշումների դեպքերով։ Իշխանությունները գոհ չէին, որ դատական իշխանության ներսում անկախության տարրեր գոյություն ունեն։ Նրանց հատկապես անհանգստացնում էր ՍԴ-ի ինքնուրույն կարգավիճակը։ Ուստի իշխանության դրդմամբ տեղեկատվական և քարոզչական գրոհներ ձեռնարկվեցին ՍԴ նախագահի և մի շարք անդամների դեմ։ Ի վերջո, իշխանություններն իրենցից կախյալ վիճակում գտնվող ՍԴ ձևավորելու համար որոշեցին մի շարք ՍԴ անդամների թոշակի ուղարկել, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին զրկել այդ կարգավիճակից և ձևավորել «իրենց սրտի» ՍԴ-ն։

Իսկ դրա համար ապրիլի 5-ը նշանակվեց որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր, սակայն հանրաքվեն հետաձգվեց ու այդպես էլ տեղի չունեցավ՝ պատճառաբանելով երկրում առկա համաճարակային իրադրությունը։ Իրականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց ապաշնորհության պատճառով հանրության շրջանում դժգոհություններն աճում են, և չեն կարողանալու համապատասխան քանակությամբ մարդկանց մասնակցություն ապահովել, իշխանությունները հրաժարվեցին հանրաքվեի գաղափարից և ԱԺ-ում հապշտապ կարգով անցկացրին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Արդյունքում ՍԴ-ում ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ, դատարանի նիստերը տևական ժամանակ տեղի չէին ունենում, և հնարավոր չէր լինում ընտրել դատարանի նոր անդամների։ Եվ սա ուշագրավ է այն կոնտեքստում, որ իրավունքի ոլորտի բազմաթիվ մասնագետներ ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը համարում են հակասահմանադրական և հակաօրինական։ Իսկ մյուս կողմից էլ իշխանությունները ՍԴ-ի հարցը վերջնականապես լուծելու նպատակով նախաձեռնեցին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների նախագծի կազմումը։ Հենց այդ նպատակից էր բխում, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը հավանության արժանացավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում այդպես էլ ոչ մի խոսք չեղավ վարչապետի ձեռքում կենտրոնացված չափից ավելի շատ լիազորությունները կրճատելու կամ բաշխելու հարցի մասին։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ մոռացավ սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու իր խոստումները։

Քաղաքականություն

Քաղաքականության ոլորտում անցնող տարին աչքի ընկավ դեստրուկտիվ բնույթով։ 2020 թվականի ընթացքում իշխանություններն անհանդուրժողական վերաբերմունք դրսևորեցին յուրաքանչյուր քննադատության և իրենց հասցեին թթու խոսք ասողների նկատմամբ։ Պահպանվեց քաղաքական դաշտի սեգմենտավորումը սևերի ու սպիտակների: Եվ, ըստ այդմ, քաղաքական հետապնդումները մեծ ծավալներ ընդունեցին։ Քրեական գործերի հարուցումն ու մեծ բացահայտումների մասին հայտարարությունները իշխանությունները փորձեցին օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու և ընդդիմությանը հանրության աչքում վարկաբեկելու նպատակով։ Իսկ ավելի հաճախ այդ ամենն իրականացվեց թատերականացված ձևով։ Կառուցողական քննարկումների բացակայության և քննադատություններն այլ ուղղությամբ տանելու արդյունքում իշխանությունններն ավելի լճացան, իսկ քաղաքական բովանդակությունը լցվեց դատարկ խոսակցություններով և փոխադարձ մեղադրանքներով։

Պետական կառավարում

Յուրաքանչյուր պետության զարգացման ուղղությունները և տեմպերը մեծապես կախված են պետական կառավարման արդյունավետությունից։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում մեր պետական կառավարման համակարգի ինստիտուտները կորցրին իրենց բուն նշանակությունը և վերածվեցին դեկորացիաների կամ իշխանության նեղ շահերը սպասարկող գործիքի։ Մյուս կողմից էլ Փաշինյանի կողմից կառավարման տարբեր օղակներում շարունակեցին նշանակվել կադրեր, որոնք ոչ միայն փորձ և համապատասխան գիտելիքներ չունեն, այլև հեռու են պետական կառավարման ոլորտից։ Բացի այդ, կառավարման համակարգում իրենց կարևորագույն դերը պահպանեցին այսպես կոչված սորոսականները, որոնք ավելի լայն թափով շարունակեցին իրենց սև գործը՝ արտաքին ուժերի դրդմամբ ազգային արժեքային համակարգի դեմ պայքարը։ Տարին աչքի ընկավ նաև անհասկանալի կադրային տեղաշարժերով։ Հանրությանն այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ տրամաբանությամբ են իրականացվում կադրային փոփոխությունները։ Դրա արդյունքում է, որ հատկապես պատերազմից հետո պետական կառավարման համակարգը լիովին պարալիզացված վիճակում է։

Պատերազմ

Տարվա ընթացքում ամենախոշոր իրադարձությունը, թերևս, սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն էր։ Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմական գործողությունների օրերին իշխանությունները հանրությանը հրամցնում էին «հաղթելու ենք» կարգախոսը և ռազմադաշտում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էին վարդագույն ակնոցներով։ Բայց հանրությունը լուրջ սթրեսի ենթարկվեց՝ նոյեմբերի 9-ին տեղեկանալով եռակողմ հրադադարի պայմանների և հայկական կողմի կապիտուլյացիայի մասին։ Եվ ինչպես կարգն է, այսպիսի իրադարձությունների պարագայում պարտված կառավարությունը հրաժարական է տալիս և հեռանում, բայց Փաշինյանը կառչել է աթոռից և ցանկանում է ինչքան հնարավոր է երկարաձգել իր պաշտոնավարումը։ Արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը նոր զիջումներ են կորզում Փաշինյանից՝ միաժամանակ միջազգային հանրության աչքում գցելով մեր պետության հեղինակությունը։ Ի վերջո, հաշվի առնենք, որ այս պատերազմը նաև դիվանագիտական պարտության հետևանք էր։

Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չկարողացավ զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների հետ, այլև ճիշտ գնահատել իրերի վիճակը և մեր ունեցած ռեսուրսները՝ այն պարագայում, երբ ԶՈՒ գլխավոր շտաբն իրեն զգուշացրել էր ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցության վտանգի մասին։ Պատերազմի կորուստները շատ ծանր են։ Եվ այս առումով հաջորդ տարին լինելու է պատերազմի հետևանքները հաղթահարելու բարդ ժամանակաշրջան, որի ընթացքում ներկայիս իշխանությունները չեն կարող առաջնորդել հանրությանը։ Դրա համար էլ ընդդիմադիր ուժերը միավորվել են կառավարության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու օրակարգի շուրջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն


Նմանատիպ