• flat Դժգոհել

Ժենգյալով հացի բաղադրատոմս

Ժենգյալով հացի բաղադրատոմս

Պատրաստում ենք ժենգյալով հաց սեզոնային կանաչիներով
Եթե կարծում եք, որ ժենգյալով հաց պատրաստելը բարդ է, սխալվում եք ։) Ես կկիսվեմ իմ փորձված բաղադրատմոսով, որով պատրաստված հացերի համը համարյա չի տարբերվում օրիգինալից, դե համարյա ։)

Ժենգյալով հացի խմորը հեշտագույն խմոր է։

Ի՞նչ է հարկավոր խմորի համար։

· Ալյուր
· Ջուր
· Աղ

Մոտավորապես 350-400 գրամ ալյուրին աստիճանաբար ավելացնում ենք այնքան ջուր, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր։ Աղը ավելացնում եք մինչև ջուրը լցնելը՝ ըստ ճաշակի։

Ինչպես ընտրել կանաչիների ճիշտ համադրություն։
Բուսակերները կփաստեն, որ կանաչիների սխալ համադրություն չի լինում, այդուհանդերձ ժենգյալով հացի համար կան բաղադրիչներ, որոնք պարտադիր են, որոշներինն էլ տեղին չեն։ Օրինակ ժենգյալով հացի մեջ չենք ավելացնում ռեհան, որովհետև նրա ընդգծված համը կխանգարի մյուս կանաչիների համին։ Իսկ օրինակ կանաչ սոխը, համեմն ու սամիթը պարտադիր են։

Ահա թե ինչ կանաչիներ եմ ես գտել այս սեզոնին Մոսկվայում։

· Համեմ
· Սամիթ
· Մաղադանոս
· Նանա (Ցանկալի է թարմ)
· Հազարի տերևներ
· Քեյլ
· Կանաչ սոխ
· Թարմ ավելուկ
· Սպանախ

*Կանաչիների քանակը ընտեք աչքաչափով, օրինակ ինձ մոտ շատ էր համեմը, սամիթն ու սպանախը( ամեն մեկից 2-3 մեծ կապ) մնացածը ընտրեք այնպես, որ բալանսը ապահովվի։

Կանաչիները շատ լավ լվանում ենք, մանր կտրատում ենք ու բոլորը խառնում միասին մեկ տարրայի մեջ։ Մի անգամ Արցախից նկարահնաված վիդեոների մեջ նկատեցի, որ արցախցի կանայք աղն ավելացնում են յուրաքանչյուր բաժնի մեջ, այլ ոչ թե ընդհանուրի մեջ, բացատրելով դա այնպես, որ ընդհանուրի վրա աղն ավելացնելով ջուր է գոյանում, ինչն էլ խանգարում է խմորին։ Այնպես որ մինչև խմորի վրա տեղադրելը փոքր տարրայի մեջ ավելացնում եք աղ, ձիթապտղի ձեթ ու կարմիր քաղցր պղպեղ, լավ խառնում։

Խմորի լոշիկները բացում ենք նույնպես աչքաչափով, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր և, առանց վախենալու, շատ քանակությամբ կանաչեղեն ավելացնում, այս խմորն այնքան խելոք է, որ միանգամից իրար է կպնում և չի թողնում կանաչին դուրս գա խմորի միջից։ 

Ամրացնում եք եզրերը միմյանց և սեղմում առանց վախենալու, որ կբացվի։ Անհրաժեշտության դեպքում ընթացքում ավելացնում եք ալյուր, որպեսզի այն չկպչի սեղանին։
Հացը տեղափոխում ենք նախապես տաքացրած թավայի մեջ և երկու կողմից թողնում մոտ 4-5 րոպե՝ կախված գազօջախի հզորությունից։

Մատուցել միանգամից շատ քանակությամբ, որովհետև քիչ ուտել անհնար է 

Ասել, որ համեղ է՝ ոչինչ ասել ։Բարի ախորժակ։

 

Աղբյուրը՝ «Armenian vegetarian» ֆեյսբուքյան էջ։

Մեկնաբանություն


Նմանատիպ