• flat Դժգոհել

Սևան քաղաքում տեղի կունենա հանդիպում ժամանակակից գրողներ Էլիզա Մխիթարյանի և Մարգարետ Ասլանյանի հետ

Սևան քաղաքում տեղի կունենա հանդիպում ժամանակակից գրողներ Էլիզա Մխիթարյանի և Մարգարետ Ասլանյանի հետ

Փետրվարի 14-ին, ժամը 19։30-ին, Սևան քաղաքում գտնվող հայտնի Բոհեմ արվեստանոց-թեյարանում տեղի կունենա հանդիպում ժամանակակից գրողներ Էլիզա Մխիթարյանի և Մարգարետ Ասլանյանի հետ։ Հանդիպման ընթացքում Սևանի գրքասեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու վերջիններիս <<ՌոմանտիՂմ>> և <<Սևագիր>> գրքերին և լսելու հեղինակային երգեր։ 

Ստորև ներկայացնում ենք գրողների ստեղծագործություններից․

Անդուռ:
Անմարմին:
Անշոշափ:
Օրերը հիվանդացած կարոտի
հրաժեշտի նամակներն են գրպանումս:
Հողմաղացներում արտասվող քամին
վերապրում է ամայության սերմնացանը:
Շուտով աշուն է:
Դատարկության աղի ջրերում
անվրդով քնած են հիշողության հրեշները:
Համակերպումի նավակներով
հեռանում են ժայռացած թախիծները:
Ինձ գողանում է լռությունը ցորենի:
Միայնության սրինգը տանում է
այրումներով հրդեհված երկնքի:
Քաղաքի կնճիռներից կախվել է
տխրությունը մոխրագույն շենքերի,
փշրվել է ափսեն լուսնի:
Մի օր կարթնանաս լացից ծղրիդների,
ձեռքերիդ ճաք տված հպումներից
կզգաս հեռվում սառչող արյունս անբառ,
փողոցն արծաթած մենության ձյունը
քեզ կհասցնի՝ աշխարհում չտեղավորված
առավոտներիս մեղեդիները:
Դռներում:
Մարմիններում:
Շոշափումներում՝
օրերդ արյունող կարոտի
խոստովանության նամակներ կդառնան,
որոնք խնամքով կտեղավորես
ծոցագրպանում հին վերարկուիդ՝
խեղդվելով այն ճշմարտությունից,
որ աշխարհի ոչ մի հասցեում
այլևս չի ապրում իմ սիրտը...

Մարգարետ Ասլանյան 

 

30+ 

Ժխտելով Աստծուն եւ տալով նրա անունը բոլոր դժբախտությունների եւ ուրախությունների ժամանակ՝ մարդն ապրում է։

Սաքոյի ժիգուլին տեղից բրթող չկա։ Սաքոյին տեղից բրթող չկա եւ Սաքոյի թանը բրդող չկա։ Հիմա ի՞նչ անի խեղճ Սաքոն։ Ո՞ւմ մեղադրի, եթե ոչ նրան, ում չի ճանաչում։ Այդպես հեշտ է, չէ՞։

Ամեն երեկո Սաքոն քայլում է փողոցներով եւ հանդիպած բոլոր ցածր ծառերից մի-մի ճյուղ պոկում ու սկսում պտտել ձեռքի մեջ այնքան ժամանակ, մինչեւ չի նկատում, որ տերեւների շիրան ձեռքին է եւ տհաճ զգացողություն է պարգեւում արդեն։ Այդ ժամանակ Սաքոն ձեռքից գցում է տերեւները եւ հայհոյում։ Թեթեւանում է Սաքոն եւ գնում տուն։

Ամեն առավոտ մորից 320 դրամ է խնդրում սիգարետի համար եւ դուրս գալիս մայլա, թե բա ինքը գայլա։ Մենակ կանգնելով փողոցում՝ Սաքոն փնտրում է ճիշտը եւ չի գտնում, որովհետեւ դարը փոխվել է, մի տեսակ բոլորը խառնվել են իրար, ճիշտն էլ մեկը չի, մի քանի ճիշտ են ներկայացրել Սաքոյին, եւ սա էլ խառնվել է իրար, որովհետեւ ներկայացված ճշտերից ոչ մեկից գլուխ չհանեց եւ որոշեց հայհոյել, որոշեց ընդամենը բոլոր պահերին տալ Աստծո անունը եւ վերջ։ Սաքոն չսիրահարվեց մտածված, որովհետեւ սեփական հոգին չէր կարող խորովել ու անժամանակ հանձնել մեկին, երբ ճշտի հարցը դեռ օդում կախված է։

Իսկ միակ բանը, որ մարդիկ ամենահաճախն են իրարից պահանջում, ժամանակն է։ Սաքոյի մեծագույն խնդիրը ժամանակի կառավարումն է:

Ժամանակի կառավարման խնդիրը եկել է դեռ հին ժամանակներից, երբ Արիստոտելն իր գիրկն էր առնում Մակեդոնացուն, երբ Պլատոնը փորձում էր հասկանալ պետության կառուցվածքը, երբ ստրուկներ էին գնում ու վաճառում, երբ մարդիկ երջանիկ էին ու չէին։ Մեծ հաշվով՝ շատ բան չի փոխվել։ Միայն թե Արիստոտելին եւ Պլատոնին փոխարինել են մարդիկ, որ իրենց դնում են Արիստոտելի կամ Պլատոնի տեղը։

Եվ այդ մարդկանց թվին է դասվում մայլայի գայլ, ճշտի մունետիկ, ժիգուլի ունեցող, բայց մեքենան բրթող չունեցող Սաքոն, ով սպասում է, որ մի օր իրեն կբրթեն, ով սպասում է, որ մի օր իր թանն էլ կբրդեն, ու կլուծվեն իր բոլոր խնդիրները՝ ծայրից ծայր։

Սաքոն ոնց պտտվում է, վերջում ճիշտը գտնում է մոր ձեռքերի մեջ, որից ամեն առավոտ վերցնում է 320 դրամ, որ սիգարետ առնի։  

Էլիզա Մխիթարյան 

Մեկնաբանություն


Նմանատիպ