• flat Դժգոհել

Գերեվարված 2 կանանց վերաբերյալ կան հաստատված տվյալներ․ չի բացառվում, որ նրանց թիվն ավելին է. «Հետք»

Գերեվարված 2 կանանց վերաբերյալ կան հաստատված տվյալներ․ չի բացառվում, որ նրանց թիվն ավելին է. «Հետք»

Հայաստանի կառավարության տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում գերեվարված երկու կին կա, որոնցից մեկը լիբանանահայ Մարալ Նաջարյանն է։ Անհետ կորած կանանց վերաբերյալ «Հետքի» հետ զրույցում կառավարությունից որևէ տեղեկություն չհաղորդվեց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Հետքին» որոշ մանրամասներ հայտնեց գերեվարման հաստատված դեպքերի վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ գերիներից և անհետ կորած կանանցից Հայաստան է վերադարձվել 5-ը, Ադրբեջանում գտնվող գերեվարված երկու կնոջ մասին կա հաստատված տեղեկություն, իսկ 3 անհետ կորածի մասին կան դեռևս չհաստատված փաստեր, կա գերեվարման կանխավարկած։

«Մարալ Նաջարյանից բացի մնացած 4-ը այն քաղաքացիական անձինք են, որոնք չեն կարողացել լքել իրենց տները, չեն հասցրել տարհանվել և գերեվարվել են։ Հայաստան վերադարձել են 5 գերիներ, դեռևս Ադրբեջանում գտնվող 2-ի մասին մենք հաստատ գիտենք, իսկ մնացածի մասին հարևաններն ու հարազատներն են տեղեկացրել»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։

Զոհված կամ սպանված կանանց վերաբերյալ այս պահին հավաքագրվում է ինֆորմացիա, Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ տվյալները ցուցակագրել են, որոշակի պատկեր կարելի է ստանալ, սակայն դեռևս ամբողջական չէ։

Սպանված կամ գերեվարված կանանցից ոմանք, ըստ փաստաբանի, եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք կամ եղել են ծառայության մեջ, կամ Արցախ են մեկնել կամավորական աշխատանքների համար։

Ադրբեջանից վերադարձած կին գերիների վերաբերյալ փաստաբանը նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է, հատուկ հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվում։ Գերեվարված անձինք բարձր և միջին տարիքի են, երիտասարդ կանայք չկան։

«Մենք հիմա աշխատում ենք այլ նպատակով, որպեսզի փաստագրենք այնտեղ տեղի ունեցած խախտումները, ունենանք նկարագրություն, որպեսզի կարողանանք ներկայացնել նրանց շահերը Եվրոպական դատարանում»,- նշեց Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ համոզմունք ունեն, որ գերիների նկատմամբ կատարվող բռնությունը համակարգված է, որոշ տվյալներ դեռևս չեն հրապարակվում՝ Ադրբեջանում գտնվողների շահերից ելնելով, սակայն բռնությունը եղել է անխտիր՝ հաշվի չառնելով որևէ հատկանիշ՝ կին լինելը, ծեր լինելը, խոցելի խմբում լինելը։

Մեկնաբանություն


Նմանատիպ