« Մամ ջան, էն ասածդ ուժի մեջա». Սամվել Մանասյան. տեսանյութ
« Մամ ջան, էն ասածդ ուժի մեջա». Սամվել Մանասյան. տեսանյութԶուսպ, ինքնամփոփ, հանդուրժող, մեղմ… Բազմաթիվ դրական հատկանիշներ կարելի է թվարկել՝ նկարագրելու համար հերոս Սամվել Մանասյանին, ով զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և հայոց պատմության փառահեղ էջերում փառքով պսակեց իր անունը:
Սամվել Մանասյանը ծնվել է 2001թ. Երևանում: 2006թ. ընտանիքը տեղափոխվել է Կոտայքի մարզի գյուղ՝ Քասախ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարան, որը ավագ դպրոցի տված գիտելիքներին զուգահեռ կրթում է արհեստագործական ոլորտում. այստեղ դպրոցի սաները սովորում են տիրապետել փայտագործական արվեստին, կերտել արվեստի գործեր՝ սկսած սովորական կենցաղային իրերից մինչև երևակայական ու Հայաստանի պատմական վաղեմությունն արտացոլող գործեր: Հայաստանի զինված ուժերում Սամվելը ծառայության է անցել Մատաղիսում, իսկ պատերազմը սկսելուց 3 օր առաջ տեղափոխվել է Մարտակերտ: Սամվելը 1 տարի 3 ամսվա ծառայող էր, երբ սանձազերծվեց պատերազմը: Մարտակերտում հոկտեմբերի 17-ի գիշերը անօդաչու թռչող սարքը խլեց 19-ամյա հերոսի կյանքը:
«Սամվելի մասին խոսել դժվար է, երբեմն ես զարմանում էի նրա հանդուրժող, մեղմ, հանդարտ բնավորության վրա, ասում էի՝ Սամվել ջան, այդքան խելոք պետք չէ լինել, ժպտում էր », -ասում է ուսուցիչը՝ Հակոբ Սմբատյանը: Վերջինս նշեց, որ ուսումնարանի սաներից պատերազմի զոհ են դարձել 14 աշակերտ, որոնց մասին ուսումնարանն իր միջոցներով պատրաստել է գիրք, իսկ առաջիկայում պետք է լինի նաև տեսաֆիլմ:
Սամվելի մասին խոսել չկարողացավ ուսումնարանի տնօրեն՝ Լուսինե Բարսեղյանը: Ասում է՝ պիտի կրկնեմ այն, ինչ ասաց Սմբատյանը, նաև շատ դժվար է խոսել Սամվելի նման մարդու մասին:
Սամվելի ձեռքի աշխատանքներից մեկը՝ «Պապիկի խաղողները», Չեխիայում 42-րդ միջազգային փառատոնում հաղթող է ճանաչվել: Սամվելի մայրը՝ Սոնա Մանուկյանը նշեց, որ այդ աշխատանքը մնացել է այնտեղ և այստեղ միայն այդ աշխատանքի նկարն է մնացել: Սամվելի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, ասում էր՝ մամ, լավ եմ, այնպես էր խոսում, որ չէիր ասի, որ պատերազմ է, ասում էր՝ կարող է ուշ-ուշ զանգեմ, չանհանգստանաք: Դրանից հետո 13 օր լուր չունեինք, հետո համացանցում տարածվող նկարների միջոցով գտանք, իմացանք՝ որտեղ է, կոդը ասացին, գտանք հոկտեմբերի 27-ին Մեծամորում:
Մեկնաբանություն