• flat Դժգոհել

Շուշի. մի քաղաքի պատմություն

Շուշի. մի քաղաքի պատմություն

Շուշին Լեռնային Ղարաբաղի հանրապետության (ԼՂՀ) համանուն շրջանի վարչական կենտրոնն է: Առաջին անգամ հիշատակվում է XV դարում: Գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի նախալեռներում՝ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին՝ Ստեփանակերտից 11 կմ հարավ` ծովի մակերևույթից 1238–1533 մետր բարձրության վրա: Կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –2օ C է, հուլիսինը՝ 19օ C, տարեկան տեղումների միջին քանակը 645 մմ է:

Շուշի բնակավայրի մասին վկայում են նրա շրջակայքում և բարձրավանդակի վրա սփռված մ. թ. ա. II–I հազարամյակների դամբարանները: Դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ Շուշին հնուց ի վեր արցախահայության համար ունեցել է պաշտպանական նշանակություն: Հետագայում այն պարսպապատվել և դարձվել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից: IX դարի կեսին Խաչենի (Արցախ) իշխան Սահակ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբական ասպատակիչ զորքին և ազատագրել գերեվարված հայ բնակչությանը:

Շոշ անվանումն առաջին անգամ հիշատակվում է XV դարում՝ այդտեղ գրված ձեռագիր հիշատակարանում: Ուշ միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Քար, հաճախ նաև Շոշի բերդ (հարևան համանուն ավանի) անվանումներով:

XVII դարի վերջից հայկական ինքնավար իշխանությունները փորձել են թոթափել պարսկական լուծը, իսկ 1724–1735 թթ. մարտնչել են օսմանյան զորքերի դեմ:

XVIII դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը (Ավան Յուզբաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրություն): 1725 թ. Շուշիի վրա հարձակված 40 հազարանոց թուրքական զորքերը 8 օրյա մարտերից հետո դիմել են փախուստի` տալով զգալի կորուստներ:

XVIII դարի 2-րդ կեսին թուրքական սարըջալու վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Խամսայի մելիքությունների ներքին տարաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազարի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան: Այնուհետև բերդը բնակեցրել է թուրք վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված շինական ու արհեստավոր հայերով: 1750-ական թվականների կեսին Մելիք-Շահնազարը և Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը: Այնուհետև այն դարձել է Փանահ խանի և նրա հաջորդների նստավայրը:

1790-ական թթ. Շուշին դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ։ 1795 թ. օգոստոսին պարսկական զորաբանակը պարսից շահ Աղա Մոհամմադ խան Ղաջարի գլխավորությամբ 33 օր պաշարել Է Շուշիի բերդը, սակայն, չի կարողացել կոտրել բերդի պաշտպանների դիմադրությունը, որոնց աջակցել են շրջակա գյուղերի հայ բնակիչները։ 1797 թ. գարնանն իր երկրոդ արշավանքի ժամանակ Աղա Մոհամմադը գրավել է բերդը, թալանել այն և կոտորել բնակիչների մեծ մասին։ Նույն թվականին մահմեդականություն ընդունած իր հայ թիկնապահների ձեռքով նա սպանվել է Շուշիում, որից հետո պարսկական զորքը նահանջել է Պարսկաստան։

XIX դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թ. մայիսի 14-ին Կյուրակչայի պայմանագրով (պաշտոնապես վավերացվել է 1813 թ. հոկտեմբերի 12Գյուլիստանի ռուս-պարսկական հաշտության պայմանագրով) Շուշին Ղարաբաղի կազմում անցել է Ռուսաստանին:

1828 թ. հուլիսի 16-ին սկսված ռուս-պարսկական երկրորդ պատերազմից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 25-ին պարսից գահաժառանգ Աբաս Միրզան 60.000-անոց զորքով պաշարել է Շուշիի բերդը: Սակայն, 1700 զինվորից բաղկացած Շուշիի ռուսական կայազորը շրջակայքի 22 հայկական գյուղերից օգնության եկած 1500 հայ աշխարհազորայինների ջոկատների օգնությամբ և կայազորի պետ գնդապետ Ռեուտի գլխավորությամբ դիմել է հերոսական ինքնապաշտպանության, որը տևել է 47 օր՝ մինչև նույն թվականի սեպտեմբերի 10-ը:

Շուշիի հերոսական պաշտպանությունը ունեցել է այն կարևոր նշանակությունը, որ իր վրա է գամել հակառակորդի գլխավոր ուժերը՝ հնարավորություն տալով ռուսական բանակին կենտրոնացնել կովկասյան կորպուսի ցրված ուժերը, Ռուսաստանից լրացուցիչ օգնական ուժեր ստանալ և ջախջախիչ հարված հասցնել Անդրկովկաս ներխուժած պարսկական բանակներին:

Շուշիում քաղաքաշինությունը զարգացել է ռուսական տիրապետության շրջանում: Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորական ճարտարապետները 1820-ական թվականներին (վերակազմվել է 1837, 1844 և 1855 թվականներին): Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ, 2–3 հարկանի բնակելի տներ, սրբատաշ կրաքարով 5 եկեղեցի՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Սուրբ Աստվածածին (1816 թ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց եկեղեցի, 1818 թ.), Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (1822 թ.) և Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (1838 թ.) եռանավ բազիլիկ եկեղեցիները (չեն պահպանվել): Իսկ 1868–1887 թթ. կառուցված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարը (վերանորոգվել է 1981–1997 թթ.) 1996 թվականից Արցախի թեմի առաջնորդանիստն է հանդիսանում:

XIX դարում բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև քաղաքի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման համար, և կարճ ժամանակամիջոցում Շուշին դարձել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը, մետաքսագործության և գորգագործության կենտրոն: Այստեղ գործել են 950-ից ավելի առևտրական, արհեստավորական-տնայնագործական, արտադրական ձեռնարկություններ:

Շուշին նույնպես տուժել է 1905–1906 թթ. հայ-թաթարական ընդհարումներից: 1918–1920 թթ. Ադրբեջանի մուսավաթական կառավարության դրդմամբ և անմիջական մասնակցությամբ Շուշիում տեղի են ունեցել արյունալի կոտորածներ: 1920 թ. մարտի 23-ին քաղաքի հայկական մասն ամբողջովին ավերվել ու հրդեհվել է, կոտորվել են ավելի քան 10.000 հայ բնակիչներ:

1921 թ. հուլիսի 5-ին՝ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ և ԽՍՀՄ Ազգությունների ժողկոմ Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությամբ Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում տրվել է Ադրբեջանին: Խորհրդային իշխանության առաջին տարիներից մինչև 1960-ական թվականների սկիզբը Շուշին չի կառուցապատվել: Այնուհետև հայկական թաղամասի ավերակների վրա կառուցվել են նոր շենքեր, ոչնչացվել են հայկական եկեղեցիները և ռուսական միակ եկեղեցին:

1988 թ. փետրվարից սկսված արցախահայության ազգային-ազատագրական շարժման սկզբից Շուշիի մոտ 2.000 հայերը բռնի տեղահանվել են և մեծամասամբ վտարվել են Ստեփանակերտ:

1991 թ. աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ 1992 թ. մայիսի 8-ի գիշերվա ժամը 02:30-ին սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը թշնամուց «մաքրելու» գործողությունը: 1992 թ. մայիսի 16–18-ը հայկական զինված ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչին քաղաքն (այժմ` Բերձոր) ու շրջակա բնակավայրերը: Բացվել է Գորիս–Լաչին ավտոմայրուղին: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Հայրենական Մեծ պատերազմում (1941-1945 թթ.) տարած հաղթանակի օր` եռատոն:

ԼՂՀ Ազգային ժողովի 1994 թ. մայիսի 7-ի որոշմամբ սահմանվել է «Շուշիի ազատագրման համար» ԼՂՀ մեդալ:

Քաղաքում մինչև 2020 թ. պատերազմը գործում էին 3 դպրոց, 2 եկեղեցի, 5 թանգարան, մշակույթի այլ օջախներ: Բերդաքաղաքի ու նրա մերձակայքի մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու և Շուշիի XIX դարի պատմաճարտարապետական դիմագիծը վերականգնելու նպատակով 2000 թ. ստեղծվել է «Շուշի» բարեգործական-մշակութային հիմնադրամը:

Շուշիի մուտքի մոտ տեղադրվել են «Տանկ-հուշարձանը» և զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Ամենափրկիչ խաչարձանը»: 2000 թ. քաղաքի կենտրոնում կանգնեցվել է պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան):

Շուշին եղել է հայ մշակույթի կարևոր կենտրոն, որտեղ բարձր զարգացման են հասել կրթությունն ու գրատպությունը: 1827–1920 թթ. քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք: Առաջին անգամ հենց Շուշիում են առանձին գրքերով տպագրվել Րաֆֆու «Խենթը», Մանուկ Աբեղյանի «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, Լեոյի «Վե՞պ, թե՞ պատմություն», «Վահան Մամիկոնյան» և այլ ստեղծագործություններ: Այստեղ հայերեն լույս են տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա», Ֆիրդուսու «Շահնամե», Ալֆոնս Դոդեի և ուրիշների ստեղծագործություններից: Հրատարակվել են մեկ տասնյակից ավելի պարբերականներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար», «Խոսնակ», «Գործ», «Ղարաբաղ», «Ծիածան»,  «Փայլակ» և այլն:

Շուշիում գործել են Ղարաբաղի հայոց թեմական դպրոցը (1838 թ.), Ղարաբաղի Սուրբ Տիրամայր Մարիամի օրիորդաց (1864 թ.), Քաղաքային (1875 թ.) ու Ռեալական (1881 թ.) ուսումնարանները, Մարիամ Ղուկասյան արքունական օրիորդաց գիմնազիան (1894 թ.) և 10 այլ կրթօջախներ:

Շուշիում տարբեր ժամանակներում դասավանդել են Պետրոս Շանշյանը, գրողներ Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը, պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան), լեզվաբան Հրաչյա Աճառյանը և հայ մշակույթի այլ երախտավորներ:

1865 թ. սկզբնավորվել է Շուշիի թատերական կյանքը: Թիֆլիսահայ  դերասաններ Գևորգ Չմշկյանի, Ամիրան Մանդինյանի, Միհրդատ Ամրիկյանի մասնակցությամբ բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և «Սամվել» պիեսները: 1891 թ. Շուշիում բացվել է Խանդամիրյանցի թատրոնը, որտեղ կազմակերպվել են նաև կրկեսային ներկայացումներ: Շուշիում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Գևորգ Պետրոսյանը, Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Հովհաննես Զարիֆյանը, Սաֆրազյան ամուսինները և ուրիշներ: 1904 թ. Հովհաննես Աբելյանը Շուշիում բեմադրել է Շեքսպիրի «Օթելլո»-ն, իսկ 1915 թ. Օթելլոյի դերում հանդես է եկել Վահրամ Փափազյանը:

Շուշիում ելույթներ են ունեցել երգիչներ Արշակ Կոստանյանը, Բեգլար Ամիրջանյանը, Ներսես Շախլյանը, երաժշտարվեստի զարգացմանը նպաստել են կոմպոզիտորներ Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզայան), Դանիել Ղազարյանը և ուրիշներ: Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ: Քաղաքում գործել են գործիքային ու լարային նվագախմբեր, պարի խումբ:

Շուշիում են ծնվել պատմաբան Լեոն, գրողներ Մուրացանը, Գուրգեն Բորյանը, կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը, դերասան Վաղարշ Վաղարշյանը, նկարիչներ Ստեփան Աղաջանյանը, Միքայել Արուտչյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, քիմիկոս Իվան (Հովհաննես) Կնունյանցը, պատմաբան և կուսակցական գործիչ Աշոտ Հովհաննիսյանը, բուսաբան Արմեն Թախտաջյանը, ճարտարագետ Հովսեփ Տեր-Աստվածատրյանը, օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, հեղափոխական և պետական գործիչներ Սպանդար Սպանդարյանը, Սարգիս Կասյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Իվան (Հովհաննես) Թևոսյանը, Արտաշես Բաբալյանը, Բաբկեն Սարկիսովը, հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներ Հոնան Դավթյանը, Կոստի Համբարձումյանը, Քրիստափոր Օհանյանը, Իսաջան Առաքելյանը, Թուման Թումյանցը (Թորգոմ), Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Մելիք-Շահնազարովը և ուրիշներ:

Ըստ քաղաքի 2007 թվականի հատակագծի՝ նախատեսվում էր Շուշին մինչև 2020 թվականը վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն:

 

Նյութի աղբյուր`

  1. Հայ ժողովրդի պատմություն (Հայկ. ՍՍՀ ԳԱ հրտ.), հատ. V, Երևան, 1974, էջ 138–140:
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 8, Երևան, 1982, էջ 599–601:
  3. Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատ. 4, Երևան, 2001, էջ 161–162:
  4. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994 թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 525–528:
  5. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Մեկնաբանություն


Նմանատիպ