• flat Դժգոհել

Պատմության այս օրը․ Ալեքսանդր Մյասնիկյան

Պատմության այս օրը․ Ալեքսանդր Մյասնիկյան

 «Չունեինք մենք դարեր - հայրենիք: - Եվ նա մեզ հայրենիք տվեց» (Չարենց): «…Միայն օտար հողում, միայն oտարազգի թշնամիները այդպես իրար կկոտորեին, ինչպես որ մենք էինք նրա հայտնությունից առաջ կոտորում միմյանց: Այ թե ում ոտքերի առջև էր նա հայրենիք փռում, ահա թե ում էր սթափության կոչում բանականության ու հանդուրժումի ասպետը: Մխիթարություն է, որ նրան վերացրին ոչ մեր նացիոնալիստները, ոչ մենք»:  Ալեքսանդր Մյասնիկյանին կնվիրի այս տողերը Հրանտ Մաթևոսյանը…

Ալեքսանդր Մյասնիկյան, հեղափոխական և գրական ծածկանուններ են Մարտունի, Ալյոշա, Բոլշեվիկ, Կոմունիստ: Ծնվել է 1886 թվականի այս օրը Նոր Նախիջևանում: Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Առաջին համաշխարհայինի սկզբին զորակոչվել է բանակ: 1917 թվականի  հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել է Բելոռուսիայի կենտգործկոմի նախագահ: 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ «Սովետական Հայաստանը ստացավ գաղթականներից ու թշվառներից բաղկացած մի այլասերվող ու ապամարդկայնացած ժողովուրդ: Սա չափազանցություն չէ, այլ փաստ»,-  գրում էր Մյասնիկյանը: «Մեր երկիրը որբերի ու գաղթականների մի վայր է. սա վշտի, հեծեծանքների, սուգի ու տառապանքների մի դժոխք է: Եվ աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի, այդ դժոխքը կվերածի մարդկային կացության»: Հայաստանի առաջին Հանրապետության անկումից, հեղկոմի բռնություններից հետո, մասնագետ կադրերի հիմնականում Իրան հեռանալով խորհրդային իշխանությունը մասնագետների մեծ կարիք ուներ: Մյասնիկյանը հայրենասիրաբար մոտեցավ խնդրին, երբեմն նույնիսկ շրջանցելով կոմկուսի դոգմատիկ հրահանգները. «Մենք պիտի աշխատենք ավելի մեղմ միջոցներով»,- գրում էր նա: «Մեր քաղաքականությունը պետք է լինի զգույշ...»: Նրա քաղաքականության շնորհիվ, մասնավորապես Իրանից, Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ վերադարձան մշակույթի, գիտության անվանի գործիչներ, եկան գործիչներ նաև Ռուսաստանից, և Ալեքսանդր Մյասնիկյանը, խորհրդային Հայաստանի կառավարության նախագահը, իր շուրջ համախմբեց տաղանդավոր հայերի, որոնք իրենց գիտելիքներն ու կյանքը նվիրաբերեցին այս երկրին, ու նրանց հետ հայերը բացեցին իրենց պատմության նոր էջը:

Մյասնիկյանի կյանքն ընհատվեց ողբերգական: 1925թվականի մարտի 22-ին  Աթարբեկյանի և Մոգիլևսկու հետ նա ինքնաթիռով Սուխումի էր մեկնում ներկա լինելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Ինքնաթիռը Սուխումի չհասավ. օդում այրվեց: Երեքն էլ զոհվեցին:
Կան տեսակետներ, թե դա կազմակերպված էր, և ավիավթարի կազմակերպիչներից մեկն ինքը՝ Լավրենտի Բերիան էր, որն այդ ժամանակահատվածում կարողացավ շատ հայտնի գործիչների և մտավորականների մեղադրել «տրոցկիզմի, ժողովրդի թշնամու և հակահեղափոխական» լինելու մեջ՝ շատ հաճախ անձամբ ստորագրելով նրանց դատավճիռը:

«… Նա չկա այլևս»,- գրեց Ավետիք Իսահակյանը Մարտիրոս Սարյանին, «ամենալավ հայերից մեկը, ամենախելացի ու ամենաբարի բոլշևիկը... Հայության պաշտպանն էր նա ներկա դառն ժամանակներում… ով պիտի փոխարինի նրան… Ափսոս, անհուն ափսոս… ինչ կարճ կյանք ունեցավ և ինչ մեծ գործ կատարեց»: Մյասնիկյանի անունով կոչեցին գործարան, հրապարակ ու փողոց Մինսկում , քաղաքներ հրապարակներ, փողոցներ ու դպրոցներ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որոնք անգամ բոլշևիկյան կարգերի փլուզումից հետո չվերանվանվեցին:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ