• flat Դժգոհել

Այսօր Հեթանոս Գագոյի ծննդյան տարեդարձն է

Այսօր Հեթանոս Գագոյի ծննդյան տարեդարձն է

Եթե ապրեր սովորական մահկանացուի կյանքով, ապա այսօր կդառնար 53 տարեկան: Բայց սովորական կյանքը Գագիկ Ստեփանյանի համար չէր: Թուրքի հանդեպ վրեժը պապերից էր ժառանգել:

Գագիկ Ստեփանյանը, որն հետո պետք է դառնար Հեթանոս Գագո և այդ անունով իր անունը մեկընդմիշտ գրեր հայոց պատմության ոսկե էջերում, ծնվել է 1967 թվականի փետրվարի 13-ին Երևանում Սուրմալու գավառի Դիադին գյուղաքաղաքից գաղթած նահապետական հայի ընտանիքում:

Խիզախությունն ու արիությունը Գագիկին հատուկ էր դեռ պատանեկությունից: Պատանի բռնցքամարտիկների դպրոցում զբաղվել է սպորտով, այնուհետև տեղափոխվել «Դինամո՚ մարզական ակումբ: Հաղթել էր բազմաթիվ մրցույթներում: Դարձել էր սպորտի վարպետ:

1986-1988 թվականներին ծառայել էր Խորհրդային բանակում: Զորացրվելուց և Հայաստան հասնելուց հետո անմիջապես միացել է Արցախյան շարժմանը: 1991 թվականից ներգրավվել է հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմին, մասնակցել Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալված պարտիզանական կռիվներին:

1992 թվականին ընդգրկվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության միլիցիայի «Թայֆուն՚ հատուկ նշանակության ջոկատում, որի կազմում մասնակցել է ՀՀ Գորիսի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տավուշի, ԼՂՀ Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին:

Հեթանոս Գագո մականունը Գագիկը ստացավ նրա համար, քանի որ ավելի շատ հավատում էր իր ապուպապերի կրոնին` հայկական հեթանոսությանը:

1994 թվականի մարտի 13-ին ազերիները լայնածավալ գրոհի են անցնում Օմարի լեռնանցքի հայկական դիրքերի ուղղությամբ, որը պաշտպանում էին Գագոյի տղաները: Նրանց գրոհը ձախողվում է և, ծանր կորուստներ կրելով, ազերիները մարտի 14-ի առավոտյան նահանջում են իրենց ելման դիրքերը:

Մարտի 16-ին մշուշն ու թանձր մառախուղը պատել էր լեռները: Օգտվելով բնության անակնկալ օգնությունից` հակառակորդը կրկին անցնում է հարձակման: Արյունալի կռիվներում նրան հաջողվում է ժամանակավորապես գրավել հարևան հայկական դիրքերից մի քանիսը: Արդյունքում Հեթանոս Գագոյի տղաների կողմից պաշտպանվող երրորդ դիրքը հայտնվում է շրջափակման վտանգի առջև:

Գագոն վիրավոր էր, իսկ ռազմամթերքը սպառվում էր:

Գագոն հրամայում է իր ջոկատի տղաներին նահանջել, իսկ ինքը նահանջի տեղ չուներ: Նա Հեթանոս Գագոն չէր լինի, եթե նահանջեր: Վիրավոր վիճակում մեկ գնդացրով շարունակում է կռիվը և ապահովում իր ջոկատի տղաների անվնաս նահանջը: Մի տեղից մյուսն անցնելով և ծխագլանակներ օգտագործելով` նա թշնամու համար ստեղծում էր պատրանք, թե իրենց դեմ մի ամբողջ ջոկատ է կռվում:

Իրար հետևից հնձված խոտի պես ընկնում էին ազերի զինվորները: Ազերիները մարտի են նետեցում իրենց վերջին ուժերը: Գագոն ևս մեկ տեղից վիրավորվում է: Ստիպված է լինում թողնել գնդացիրը: Շուտով արյունաքամ եղած Գագոյի վերջին ուժերը լքում են և նա դադարեցնում է դիմադրությունը:

Միայն որոշ ժամանակ են ազերիները համարձակվում մոտենալ խրամատներին: Թշնամին տեսածին չէր հավատում: Նա չէր կարողանում հավատալ, որ ժամեր շարունակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր միայն մեկ մարտիկ: Ազերիների հրամանատարը որոշում է անձամբ մոտիկից տեսնել այդ խիզախ զինվորին, որն իրենցից տասնյակ զոհեր էր խլել: Նա շրջում է Գագոյին: Հավաքելով վերջին ուժերը` Գագոն քաշում է ձեռքում ամուր բռնած նռնակը` իր հետ այն աշխարհ տանելով ազերիների հրամանատարին և ևս մի քանի ազերի զինվորների:

Մայիսի 19-ին միլիցիայի «Թայֆուն՚ հատուկ նշանակության ջոկատի տղաները «Միշայի որսորդներ՚-ի խմբի աջակցությամբ հետ են գրավում երեք դիրքերն էլ: Թշնամու բազում դիակների կողքին ընկած էր Հեթանոս Գագոն: Ազերին, որ ոչ մի սրբություն չուներ, հարգել էր Գագոյի խիզախությունը և նրա դիակը դրել էր մի քարե սալի վրա: Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը:

Մեկնաբանություն


Նմանատիպ