• flat Դժգոհել

կուկուՌՈՒԶ

կուկուՌՈՒԶ

Կածյան կայծ կնիկա, ում հետ չես համեմատի մեր ժամանակների շատ ու շատ աղջիկների։ Սա այն եզակի դեպքերից է, երբ տոտան ավելի է ուտվում, քան երիտասարդ, կուսական, անմեղ, իր պատուհանից պարանով հացի իջնող աղջնակը, ով վաղուց արդեն աղջնակ չէ։ Եվ այստեղ մեղավորը հո աղջիկը չէ՞, իհարկե պարանն է, որ բարակ էր ու կտրվեց հացի իջնելու ճանապարհին և աղջնակը անհարմար վայրէջք կատարեց՝ լրիվ պատահական, լրիվ միամտաբար, լրիվ ճակատագրական։

Կածյուշան, երբ նոր էր տեղափոխվել Երևան՝  բժշկականում սովորելու համար, ապրում էր Զեյթունում՝ հնդիկների հանրակացարանում և զգում էր իրեն տիպիկ հայկական միջավայրում։ Հայ-հնդկական բարեկամական կապերն, ինչ-խոսք, դարերի խորք ունեն։ Մի որոշ ժամանակ ապրելուց հետո, Կածյուշան սովորեց հայերեն բառեր։

Համալսարանում շփվելով հայ ուսանողների հետ Կածյուշան նկատել էր, որ բոլորը դասախոսներին դիմում են ՝ ընկեր էսինչյան։ Կածյուշան վերջապես համարձակություն հավաքեց և կուրսի Ռուզիկին, ում հետ քչից շատից մոտ էր, հարցրեց՝ 

- А что значит  Ընկեր՞ ։

Ռուզիկը սկսեց բացատրել, որ ընկերը դա դեռ սովետական ժամանակներից մնացած товарищ տարբերակն է, որը դեռևս դուրս չի եկել հայկական միջավայրից  և հիմնականում պարոնի փոխարեն ուսուցչին կամ դասախոսին դիմելիս գործածում են ՝ Ընկեր ձևը։

Կածյուշայի համար արդեն ամեն ինչ պարզ էր։

Կածյուշան սովորեց հայերեն խոսել։ Բնականաբար, Կածյուշան այն ժամանակ գտնվում էր հայ տղաների ուշադրության կենտրոնում (թեպետ հիմա էլ, ասում եմ՝ կայծ է)  և քանի որ Կածյուշան կարգին, բարոյական աղջիկ էր, շուտով իրան սկսեցին բոլորը տեղը բերել և ռեպլիկներ անելու փոխարեն քաղաքավարի և ոսկեղենիկ հայերենով հարցնում էին․

- Կածյա, իսկ դու ընԳեր ունե՞ս։

Դե Կածյուշն ինչ իմանար ընկերոջ և ընԳերոջ տարբերությունը։ Հասկանալով բառի ՝ товарищ իմաստը և հաշվի առնելով, որ համալսարանում շատ դասախոսներ կան, Կածյուշը պատասխանում էր․

- Շատ ընգերներ ունեմ։

Միֆեր տարածվեցին, որ Կածյուշը լավ աղջիկ չի և հերթեր գոյացան Կածյուշենց հանրակացարանի առաջ։ Կածյուշը շուտով հակացավ նաև, որ խոսակցական լեզվում ընգեր նշանակում է՝ զուգընկեր, սիրեցյալ և այլն։ Սա ֆիքսեց Կածյուշը և հանրակացարանի հերթերը մանրից ցրվեցին։

Կածյուշը Ռուզիկենց տուն շուտ-շուտ էր գնում։ Ռուզիկենց տունը նախկին երիտասարդական պալատի մոտ էր։ Ռուզիկի պապիկը ամեն անգամ Կածյուշին տեսնելիս փորձում էր վերհիշել վաղուց մոռացված ռուսերենը, որով ժամանակին խոսում էր ողջ Երևանը։ Մի օր պապիկը Կածյուշին պատուհանի մոտ բերեց ու ասաց․

- вон там был кукурузник, какие концерты там были…

Կածյուշը ֆիքսեց, որ կուկուռուզնիկն ու Ռուզիկը ոչ մի ընդհանուր բան չունեն, բացի լեզվական նմանությունից․․․

Կածյուը սկսեց շփվել տիպիկ կովկասյան արտաքինով, մորուքով, սևահեր մի տղայի՝ Արամի հետ։ Կածյուշը արդեն՝ Ընգեր ունե՞ս հարցին, պատասխանում էր՝ այո, ես ընգեր ունեմ։ Եվ բոլոր հարցերը փակվում էին։

 Մի անգամ Կածյուշն ու Արամը ընդհանուր ընկերների հետ դուրս էին եկել զբոսանքի, կեսից որոշեցին ժամանցն  անցկացնել Երևանի սրճարաններից մեկում։ Կածյուշը որոշեց ջերմ անակնկալ մատուցել Արամին և ընդգծել սեփական վառվող սերը և գրկեց Արամի թևը ասելով՝

- Ընգերս, սիրում եմ քեզ։

Ընդհանուր ընկերները սառեցին։ Բոլորը լուռ ու տարօրինակ, մի տեսակ սպասողական նայում էին Արամին ու սպասում արձագանքի։ Արամը, որպես հայ տղամարդու տիպիկ կերպար,  լռությամբ տարավ բարկությունը, հայացքն ուղղեց Կածյուշին և ցածր հարցրեց․

- Ի, Գժվա՞ր աղջի։

Էյֆորիա։ Կածյուշի գլխում Էյֆորիա էր․ «Ինչպե՞ս կարող է նման բան պատահել, ախր ես ասացի ընդամենը որ նա իմ սիրեցյալն է ՝ ընգերը։ Ինչ է կատարվում․․․»։

Կածյուշին նրբանկատորեն բացատրեցին, որ եթե ինքն է ասում իր ընԳերոջը ՝ ընԳեր, ապա սա ընկալվում է՝ ընկեր իմաստով, սա խորը վիրավորանք է, ինչպես թե, նրանք ընդամենը ընկերնե՞ր են ուրեմն․․․

Կածյուշին սիրեցին, ներեցին լեզվի սայթաքումները։ Ընդամենը բրնձից մի բուռ կարող է մնացած լինել,  մեկին մի տեղ ընդամենը երկու օրվա կյանք կարող է մնացած լինել, բայց ընդամենը սերը հերիք չէր լինի տղամարդուն՝  նման սարսափելի սխալները ներելու համար, որ թույլ տվեց Կածյուշը․․․ 

 

Էլիզա Մխիթարյան 

Մեկնաբանություն


Նմանատիպ