Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

YIC Gyumri-ն 5-րդ անգամ Գյումրիում կտոնի երիտասարդների միջազգային օրը

Օգոստոսի 12-ը Գյումրու համար լինելու է երիտասարդական, տեղեկատվական, կրթական ու ժամանցային: Այդ օրն աշխարհը նշում է երիտասարդների միջազգային օրը: Հայաստանում 20-րդ, Գյումրիում՝ արդեն 5-րդ տարին է օրը տոնական: Այս առիթով վաղը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կիրականացնի  մեծամասշտաբ միջոցառումներ:

«Յուրաքանչյուր տարի մենք անցկացնում ենք տարաբնույթ հանրային միջոցառումներ, որոնք առավել գունավորում եւ իմաստավորում են Երիտասարդների միջազգային օրը: Միաժամանակ առաջնորդվում ենք միջազգային խորագրով՝ մեծապես կարեւորելով երիտասարդներից ստացվող ազդակներն ու առաջարկները»,-Գյումրիում անցկացված ասուլիսի ժամանակ ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:  «Անկախ այն հանգամանքից, թե Երիտասարդների օրը Հայաստանի որ քաղաքում են նշում, մենք այն նշում ենք նաեւ Գյումրիում, եւ այս տարի արդեն 3-րդ անգամ է այդպես: Ամեն տարի այդ օրը կազմակերպիչներն ընտրում են երիտասարդների հետ կապված մեկ խնդիր, որի վրա ցանկանում են, որ աշխարհն իր ուշադրությունը սեւեռի:  Եվ հենց այս տարվա կարգախոսն է՝ Փոխակերպելով կրթությունը: Այն միջոցառումները, որոնք անցկացվելու են, հիմնականում շեշտադրելու եւ խոսելու են այս խնդրի մասին»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

«Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական  կենտրոնում կազդարարի միջոցառման մեկնարկը,  որին կհաջորդի 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:

«Այս արագորեն փոփոխվող աշխարհում ոչ թե կրթությունը պետք է հասցնի զարգացումների հետեւից, այլ կարծում ենք, որ կրթությունը պետք է լինի այն փոխակերպվող բուն սկզբնաղբյուրը, որից կբխեն աշխարհի ուղենիշները տարբեր ոլորտներում՝  տնտեսություն, սոցիալալան, մշակույթի ոլորտ եւ այլն: Ճիշտ փոխակերպելով կրթությունը մենք  կկարողանանք ձեւավորել, դաստիարակել վաղվա այն երիտասարդին, որը կկարողանա դիմակայել խելահեղ զարգացող աշխարհի մարտահրավերներին: Սա ամենակարեւորն է: Դեռ ժամանակին Նելսոն Մանդելան ասում էր կրթությունն այն ամենահզոր զենքն է, որով կկարողանաս փոխել աշխարհը:  Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս բարոյական պատասխանատվությունն է օգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ներուժն ու տաղանդը»,-ասաց Ծովինար Հարությունյանը:Վաղը Գյումրին ի թիվս այլոց, կհյուրընկալի  ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի և Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի տնօրինությանը նաեւ:  Կազդարարվի «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում:

«Այս տարին մեր համար շատ կարեւոր է, քանի որ սա առաջին տարին է, որ իրականացվելու է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը: Մենք տարբեր երկրներում դեռ անցյալ տարի հիմնեցինք ռեսուրս կենտրոններ, բացի Հայաստանից: Այստեղ խորհրդարանական ընտրությունների շրջան էր, եւ ես շնորհավորում եմ լավ ընտրության համար, վստահ եմ, աստիճանաբար դեպի լավագույն ժամանակներ եք գնալու: Հիմա, որ մենք Գյումրիում ենք, շատ կարեւոր է: Հայաստանն ամեն տարի ունի իր Երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի  Վանաձորն է, նախորդ տարի Իջեւանն էր, 3 տարի առաջ Գյումրին էր: Բայց անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքն է պաշտոնապես հայտարարվում Երիտասարդական մայրաքաղաք, մշտապես Երիտասարդական մայրաքաղաքը մնում է Գյումրին: Բոլորը Հայաստան ասելիս Երեւան են հասկանում, բայց երբ գալիս են Գյումրի, սիրահարվում են այս քաղաքին, Գյումրին յուրահատուկ  ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ լավ երիտասարդություն կա այստեղ: Նրանց հետ շատ լավ մասնագիտական աշխատանք է տարվում»,-ասաց ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անդրիյ Պավլովիչը:Վաղը ժամը  18:00-ից մինչև 19:00-ը, Թատերական հրապարակում տեղադրված կլինի նաեւ «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղից հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ծրագրերի մասին:

Օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի բացօթյա համերգով՝ «Adana Project» ֆոլկ ռոք բենդի և DJ Arni Rock և Haik Solar-ի մասնակցությամբ:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.